ԱՄՆ ոչ ներգաղթային վիզայի կատեգորիաներ

Ընդհանուր նկարագրություն

Ոչ ներգաղթային վիզաները այն մարդկանց համար են, որոնք ցանկանում են մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ զբոսաշրջության, ձեռնարկատիրական գործունեության, ժամանակավոր աշխատանքի, ուսման կամ բուժման նպատակով։ ԱՄՆ ճանապարհորդության և վիզաների վերաբերյալ ամբողջական տեղեկությունների համար այցելեք https://travel.state.gov։

Խնդրում ենք նախապես պլանավորել։ Խորհուրդ է տրվում օդանավի տոմս գնել վավերական վիզա ստանալուց հետո։ Վիզա ստանալու համար դիմումն ուսումնասիրելու հարցազրույցի ժամանակ չի պահանջվում տոմս ներկայացնել։

Բոլոր ճանապարհորդողները պետք է գիտակցեն, որ վիզան չի երաշխավորում ընդունումը Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ Ներքին անվտանգության քարտուղարությունը (DHS) կարող է մերժել ընդունումը, ինչպես նաև սահմանափակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու թույլատրված ժամկետը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտք գործելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/all-visa-categories.html.


Այցելուի համար վիզայի կատեգորիաներ

(B) ԱՅՑԵԼՈՒ՝ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԲՈՒԺՈՒՄ

Այցելուի համար նախատեսված վիզան ոչ ներգաղթային վիզա է այն անձանց համար, որոնք ցանկանում են մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձեռնարկատիրական գործունեության (B1) նպատակով, այդ թվում՝ մասնակցություն մասնագիտական հանդիպումներին կամ խորհրդաժողովին, զվարճանքի նպատակով, այդ թվում՝ արձակուրդ կամ ընտանիքին այցելություն, կամ բուժում (B2), կամ երկուսի համակցությունը (B1/B2)՝ մինչև վեց ամիս ժամկետով։

(C) ԱՄՆ-ով ՏԱՐԱՆՑՈՒՄ

Երկու օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդող անհատները, որոնք որպես այդ ուղևորության մի մաս պետք է կանգառ կատարեն ԱՄՆ-ում։

  • Նավի կամ օդանավի անձնակազմին միանալու նպատակով որպես ուղևոր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդող անձնակազմի անդամի համար պահանջվում է տարանցիկ վիզա։ Խնդրում ենք ուսումնասիրել Անձնակազմի համար վիզա բաժնի վերաբերյալ տեղեկությունները։
  • Տարանցիկ կամ այլ ոչ ներգաղթային վիզա է պահանջվում այն ճանապարհորդողի համար, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներից բացի դեպի այլ օտարերկրյա նպատակակետ ուղևորվող զբոսաշրջային նավով կամ այլ նավով օտարերկրյա նավահանգիստ է ժամանում, ինչպես նաև ուղևորության ամբողջ ընթացքում նավը Ամերիկայի Միացյալ Նահանգներում նավահանգիստ է մտնում։

Ուսման նպատակով վիզաների կատեգորիաներ

(F/M) ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿԱՄ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂ / ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՈՉ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂ

Որպես կանոն, հաստատված կրթական դասընթացի մասնակցելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնող վիզա ստանալու համար դիմումատուի համար պահանջվում է Ուսանողական վիզա։

ԱՄՆ ուսումնական հաստատություն ընդունվելուց հետո ուսանողն ընդգրկվում է Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS)։ Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի SEVIS I-901 վճարի և փոխկապված ստորագրությունների վերաբերյալ հրահանգները կտրամադրվեն ԱՄՆ ուսումնական հաստատության կողմից։ Ուսումնական հաստատությունը հիմնական դիմումատուի անունը և ընտանիքի այն անդամների անունները, որոնք մտադիր են ճանապարհորդել հիմնական դիմումատուի հետ, կմուտքագրի Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS)՝ անհրաժեշտ I-20 ձևը (ձևերը) գեներացնելու համար։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ստանա իր անձնական I-20 ձևը։ Եթե ընտանիքի անդամները չեն դիմում հիմնական դիմումատուի հետ, ապա կպահանջվի վիզա ստանալու համար հիմնական դիմումատուի ուսումնական հաստության կողմից տրված I-20 ձևի բնօրինակի պատճենը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ ներգաղթի ու մաքսային օրենսդրության հսկողության և պահպանման բյուրոյի Ուսանողների ու փոխանակման ծրագրերով այցելուների ծրագրի (SEVP) վեբկայք։

Ուսումը շարունակող ուսանողները կարող են ցանկացած ժամանակ դիմել նոր վիզա ստանալու համար, քանի դեռ շարունակում են պահպանել իրենց ուսանողական կարգավիճակը, և Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS) (http://www.ice.gov/sevis իրենց տվյալները թարմացված են։ Ուսումը շարունակող ուսանողները կարող են նաև մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ցանկացած ժամանակ մինչև նրանց դասընթացների մեկնարկը։

(J) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՅՑԵԼՈՒ

Փոխանակման ծրագրով այցելուի համար (J-1) տեսակի վիզաները այն անհատների համար նախատեսված ոչ ներգաղթային վիզաներ են, որոնց թույլ է տրվել մասնակցելու փոխանակման ծրագրով այցելուների ծրագրին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցելեք Փոխանակման ծրագրով այցելուների համար նախատեսված՝ Պետքարտուղարության J-1 տեսակի վիզայի ծրագրի վեբկայք http://j1visa.state.gov/programs ծրագրի պահանջների, կարգավորումների ու այլնի մասին լրացուցիչ տեղեկությունների համար։

ԱՄՆ փոխանակման ծրագրով այցելուների ծրագիր ընդունվելուց հետո ճանապարհորդողն ընդգրկվում է Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS)։ J-1 փոխանակման ծրագրով այցելուների մեծ մասը պետք է կատարի Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի (SEVIS) I-901 վճար. (Եթե J-1 Փոխանակման ծրագրով այցելուների ծրագրով թույլատրվում է, որպեսզի ամուսինը և/կամ երեխաները ուղեկցեն փոխանակման ծրագրով այցելուին, ապա ընտանիքի անդամներից չի պահանջվում կատարել այդ վճարը)։ Ծրագրի հովանավորը փոխանակման ծրագրով այցելուին տրամադրում է Ձև DS-2019-ը՝ այն վիզա ստանալու նպատակով հարցազրույցի ժամանակ ներկայացնելու համար։ Եթե Ձեր ծրագրով թույլատրվում է ամուսնու կամ երեխայի մասնակցությունը, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրամադրվի իրենց անձնական Ձև DS-2019-ը՝ J-2 տեսակի վիզաներ ստանալու նպատակով դիմելու համար։

Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի (SEVIS) և Ուսանողների և փոխանակման ծրագրով այցելուների տեղեկատվական համակարգի (SEVIS) I-901 վճարի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՄՆ ներգաղթի ու մաքսային օրենսդրության հսկողության և պահպանման բյուրոյի Ուսանողների ու փոխանակման ծրագրերով այցելուների ծրագրի (SEVP) վեբկայք։


Աշխատանքի համար վիզայի կատեգորիաներ

(D) ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄ

Անձնակազմի անդամի (D) վիզաները ոչ ներգաղթային վիզաներ են այն անձանց համար, որոնք աշխատում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում նավերի վրա (զբոսաշրջային կամ ձկնորսական նավ) կամ միջազգային ավիաուղիներում․ նրանց աշխատանքն անհրաժեշտ է բնականոն գործունեության և ծառայությունների համար։

Ճանապարհորդության նպատակներ, որոնց դեպքում պահանջվում է Անձնակազմի անդամի (D) վիզա:

  • առևտրային ավիաուղիում աշխատող օդաչու կամ ուղեկցորդ
  • նավի հրամանատար, ինժեներ կամ նավաստի
  • զբոսաշրջային նավի փրկարար, խոհարար, մատուցող, կոսմետոլոգ կամ անձնակազմի այլ անդամ
  • ուսումնական նավի վերապատրաստող

Եթե դիմումատուն մեկնում է դիմավորելու այն նավը, որի վրա ինքն աշխատանքի է անցնելու, ապա անհրաժեշտ է, որպեսզի նա նաև ձեռք բերի Տարանցիկ (C1) վիզա և պետք է ներկայացնի նամակ իր գործատուից կամ գործատուի գործակալից, որով հաստատվում է, որ պահանջվում է տարանցում։ Հյուպատոսական բաժինը նման դեպքերում տրամադրում է C1/D վիզայի համակցություն, եթե դիմումատուի քաղաքացիության երկրի համար գործում է փոխադարձության սկզբունքը։ Լրացուցիչ տեղեկությունների համար ստուգեք այն երկրների ցանկը, որոնց համար գործում է փոխադարձության սկզբունքը https://travel.state.gov/content/travel/en/us-visas/Visa-Reciprocity-and-Civil-Documents-by-Country.html

Խնդրում ենք նկատի ունենալ. Ծովային նավերի կամ օդանավերի անձնակազմերի անդամները, ովքեր դիմում են և՛ B1/B2, և՛ C1/D վիզաների համար, պետք է լրացնեն վիզայի դիմումի մեկ DS-160 առցանց ձև, վճարեն մեկ վիզայի դիմումի (MRV) միջնորդավճար և տեսակցության օր պայմանավորվեն C1/D վիզա ստանալու համար:

(I) ԶԼՄ-ներ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

ԶԼՄ-ների համար նախատեսված (I) տեսակի վիզա ստանալու համար դիմումատուները պետք է ցույց տան, որ իրենք պատշաճ որակավորում ունեն ԶԼՄ-ների համար նախատեսված վիզա ստանալու համար։ ԶԼՄ-ների համար նախատեսված վիզաները «օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ»-ի համար են, այդ թվում՝ մամուլի, ռադիոյի, ֆիլմ կամ տպագիր արդյունաբերության այնպիսի անդամների համար, որոնց ծառայությունները էական նշանակություն ունեն օտարերկրյա ԶԼՄ-ների գործառույթի համար, ինչպիսիք են՝ հաղորդավարները, ֆիլմի անձնակազմի անդամները, խմբագիրները և նմանատիպ աշխատանքներում ներգրավված անձինք, որոնք ճանապարհորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու համար։ Դիմումատուն պետք է իրականացնի վիզա ստանալու համար իրավունք տվող գործունեություն օտարերկրյա պետությունում գտնվող ԶԼՄ կազմակերպության կենտրոնակայանի համար։ ԶԼՄ-ների համար նախատեսված վիզա ստանալու համար գործունեությունը պետք է մեծամասամբ կապված լինի տեղեկությունների հաղորդման հետ, իսկ ընդհանուր առմամբ՝ նորություններ հավաքելու հետ։ Արտերկրից մարզական իրադարձությունների մեկնաբանման համար սովորաբար տրվում է ԶԼՄ-ների համար նախատեսված վիզա։ Մյուս օրինակները ներառում են, ի թիվս այլ աշխատանքների, ԶԼՄ-ներին առնչվող հետևյալ աշխատանքները՝

  • Նորությունների կամ վավերագրական ֆիլմի նկարահանումներով զբաղվող օտարերկրյա տեղեկատվական ԶԼՄ-ի հիմնական աշխատակիցներ։
  • Կինոնկարների արտադրությամբ կամ տարածմամբ զբաղվող ԶԼՄ-ների անդամներն իրավունք ունեն ստանալու ԶԼՄ-ների համար նախատեսված վիզա, եթե նկարահանվող ֆիլմն օգտագործվելու է տեղեկություններ ու նորություններ տարածելու համար։ Բացի դրանից՝ ֆինանսավորման հիմնական աղբյուրն ու բաշխումը պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։
  • Պայմանագրով աշխատող լրագրողներ․ մասնագիտական լրագրողական կազմակերպության կողմից տրված հավատարմագիր ունեցող անձինք, եթե նրանք աշխատում են պայմանագրով այնպիսի նյութի վրա, որն օգտագործվելու է արտերկրում տեղեկատվական կամ մշակութային լրատվամիջոցի կողմից և որն առաջին հերթին նախատեսված չէ առևտրային ժամանցի կամ գովազդի համար։
  • Անկախ արտադրական ընկերությունների աշխատակիցներ, երբ այդ աշխատակիցներն ունեն մասնագիտական լրագրողական ասոցիացիայի կողմից տրված հավատարմագիր։
  • Արտերկրյա մասնաճյուղում կամ ԱՄՆ ցանցի, թերթի կամ այլ լրատվամիջոցի դուստր ձեռնարկությունում աշխատող օտարերկրյա լրագրողներ, եթե լրագրողը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ հաղորդում պատրաստելու ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին արտերկրի լսարանի համար։
  • Ամբողջությամբ կամ մասնակիորեն օտարերկրյա կառավարության կողմից վերահսկվող, շահագործվող կամ սուբսիդավորվող` ԱՄՆ-ում գտնվող լրատվամիջոցի հավատարմագրված ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են առաջին հերթին երկրի վերաբերյալ այցելուի համար փաստացի տեղեկություններ տարածելով։

(E1/E2) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԺԱՄԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԺԱՄԱՆՈՂ ՆԵՐԴՐՈՂ

Միջազգային պայմանագրի ներքո ժամանող ձեռնարկատիրոջ (E1) կամ Միջազգային պայմանագրի ներքո ժամանող ներդրողի (E2) վիզան այն երկրի քաղաքացու համար է, որի հետ Միացյալ Նահանգներն ունի առևտրային և ծովագնացության ու օդագնացության պայմանագիր, և որի քաղաքացին ժամանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ նշանակալի առևտրային գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ առևտրային գործունեություն ծառայությունների կամ տեխնոլոգիաների ոլորտում, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու պայմանագրի մյուս կողմ հանդիսացող երկրի միջև հարաբերություններում, կամ զարգացնելու ու ղեկավարելու այն ձեռնարկության գործունեությունը, որի աշխատանքներում այդ քաղաքացին ներդրում է կատարել կամ զգալի կապիտալի ներդրում կատարելու ընթացքում է։ Մասնակից երկրների ցանկը ներկայացված է հետևյալ հասցեում՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/fees/treaty.html.

E1 ոչ ներգաղթային դասակարգումը թույլ է տալիս պայմանագրի կողմ հանդիսացող երկրի քաղաքացիներին ընդունվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում՝ միմիայն իրենց անունից միջազգային առևտրային գործունեություն ծավալելու համար։

E2 ոչ ներգաղթային դասակարգումը թույլ է տալիս պայմանագրի կողմ հանդիսացող երկրի քաղաքացիներին ընդունվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում, եթե նրանք զգալի կապիտալի ներդրում են կատարում Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռնարկատիրական գործունեության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://travel.state.gov/content/travel/en/us-visas/employment/treaty-trader-investor-visa-e.html։

(E3) ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԱՎՍՏՐԱԼԱՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

Այս վիզայի դասակարգումը վերաբերվում է Ավստրալիայի այն քաղաքացիներին, որոնք ճանապարհորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանակավորապես աշխատելու նեղ մասնագիտական ոլորտներում։ Քանի որ E3 տեսակի վիզան վերաբերվում է հենց Ավստրալիայի քաղաքացիներին, ապա ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այս հասցեում https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/all-visa-categories.html.

(H, L, O, P, Q, R) ԺԱՄԱՆԱԿՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ/ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐ

Եթե դիմումատուն ցանկանում է ժամանակավորապես աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես ոչ ներգաղթող՝ ԱՄՆ ներգաղթային օրենսդրության համաձայն, ապա դիմումատուին անհրաժեշտ է կոնկրետ վիզա՝ կախված այն աշխատանքի տեսակից, որը նա պատրաստվում է կատարել։ Ժամանակավոր աշխատանքային կատեգորիաների մեծ մասի համար պահանջվում է, որպեսզի դիմումատուի ապագա գործատուն կամ գործակալը ներկայացնի I-129 միջնորդագիր, որն էլ պետք է հաստատվի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից՝ նախքան դիմումատուն կարող է դիմել վիզա ստանալու համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.uscis.gov/portal/site/uscis։

Անհատները կարող են միայն դիմել ժամանակավոր աշխատողի վիզայի համար այն բանից հետո, երբ ԱՄՆ գործատուները ներկայացնեն I-129 միջնորդագիր և ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայությունը (USCIS) հաստատի այն։ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայությունը (USCIS) այնուհետ կտրամադրի Ձև I-797, որտեղ առկա է հաստատման անդորրագրի համարը։ Անդորրագրի համարն անհրաժեշտ է՝ այս ծառայության միջոցով հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ I-797 և/կամ I-129 թղթային պատճեներ չեն պահանջվում։

(H1-B) Նեղ մասնագիտական ոլորտներում ընդգրկված անձինք Այս տեսակի վիզա ստանալու համար դիմումատուներից պահանջվում են տեսական և գործնական բարձր որակավորման գիտելիքներ, որի համար պահանջվում է բարձրագույն կրթության կոնկրետ դասընթացի ամբողջական մասնակցություն։ Այս կատեգորիայում ներառված են նաև նորաձևության մոդելներ և Պաշտպանության քարտուղարության կողմից կառավարվող միջպետական գիտահետազոտական և զարգացման կամ համատեղ արտադրության ծրագրեր։

(H-1B1) Ազատ առևտրի համաձայնագիր (Free Trade Agreement, FTA) պրոֆեսիոնալ - վիզայի այս կատեգորիան ստեղծվել է ԱՄՆ-Չիլի Ազատ առևտրի համաձայնագրով և ԱՄՆ-Սինգապուր Ազատ առևտրի համաձայնագրով: H-1B1 վիզայով ժամանակավոր աշխատողները սահմանվում են որպես անձինք, ովքեր ժամանակավոր ծառայություններ են մատուցում հատուկ մասնագիտություններով:

H-1B1 վիզաներ ստանալու համար դիմողները պետք է ներկայացնեն աշխատանքի առաջարկ Միացյալ Նահանգների գործատուից և Աշխատանքի նախարարության կողմից վկայագրված ու հաստատված դիմում: Ոչ ներգաղթային աշխատանքի միջնորդագիր չի պահանջվում: H-1B1 վիզայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք https://travel.state.gov/content/travel/en/us-visas/employment.html.

(H2-A) Գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատողներ․ H2-A տեսակի վիզան թույլ է տալիս ԱՄՆ գործատուներին հրավիրելու օտարերկրյա քաղաքացիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանակավոր այնպիսի գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար, որոնց համար ԱՄՆ աշխատողներ առկա չեն։

(H2-B) Ոչ գյուղատնտեսության ոլորտում ժամանակավոր կամ սեզոնային աշխատողներ․ H2-B տեսակի Ոչ գյուղատնտեսության ոլորտում ժամանակավոր աշխատողների ծրագիրը թույլ է տալիս ԱՄՆ գործատուներին հրավիրելու օտարերկրյա քաղաքացիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանակավոր ոչ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։

(H3) Վերապատրաստվողներ (բացի բժշկական կամ ակադեմիական վերապատրաստվողների)․ Վիզայի այս տեսակը նախատեսված է հնարավորություն տալու օտարերկրյա քաղաքացիներին ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ վերապատրաստում անցնելու տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, առևտրային հարաբերությունները, հաղորդակցական ծառայությունները, ֆինանսները, կառավարումը, փոխադրման ծառայությունները, տարբեր մասնագիտական ոլորտները, ինչպես նաև զուտ արդյունաբերական ոլորտները։

(L) Ընկերության ներսում փոխատեղվող աշխատակիցներ․ Վիզայի այս տեսակը այն դիմումատուների համար է, որոնք նախորդող երեք տարիների ընթացքում մեկ տարի անընդմեջ արտերկրում աշխատել են, և որը աշխատելու է ԱՄՆ-ում նույն գործատուի մասնաճյուղում, հիմնադիր ընկերությունում, փոխկապակցված ընկերությունում կամ դուստր ընկերությունում՝ կառավարչական, գործադիր կամ մասնագիտական գիտելիքներ պահանջող պաշտոնում։ L տեսակի վիզան հնարավորություն է տալիս ԱՄՆ գործատուին փոխատեղելու գործադիր կամ կառավարչական պաշտոն զբաղեցնող աշխատակցին իր փոխկապակցված օտարերկրյա գրասենյակներից մեկից Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող իր գրասենյակներից մեկը։ Այս վիզան նաև հնարավորություն է տալիս օտարերկրյա ընկերությանը, որը դեռ չունի ԱՄՆ փոխկապակցված գրասենյակ, ուղարկելու գործադիր կամ կառավարչական պաշտոն զբաղեցնող աշխատակցին ԱՄՆ՝ այդպիսի գրասենյակ հիմնադրելու համար։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրասենյակ ունեցող բազմազգ ընկերությունը կարող է դիմել անհատ աշխատողներ ներգրավելու համար կամ կարող է ստանալ մեկ հաստատում, որը կոչվում է համընդհանուր L միջնորդագիր, որի հիման վրա Ամերիկայի Միացյալ Նահանգներ կարող են մուտք գործել գործադիր կամ կառավարչական պաշտոն զբաղեցնող մի շարք աշխատակիցներ։ Համընդհանուր L միջնորդագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.uscis.gov/portal/site/uscis։

Միջնորդագիր ներկայացնողի կողմից համընդհանուր L միջնորդագիր ստանալուց հետո առանձին դիմումներ պետք է ներկայացվեն յուրաքանչյուր դիմումատուի անունից, որը փորձում է L կարգավիճակով մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

(O) Առանձնահատուկ կարողությունների տեր անձ․ O տեսակի վիզան այն անհատի համար է, որը առանձնահատուկ կարողություններ ունի գիտության, արվեստի, կրթության, գործարարության կամ մարզական ոլորտում, կամ որն արձանագրել է առանձնահատուկ ձեռքբերումներ կինեմատոգրաֆիայի կամ հեռուստատեսության արդյունաբերության ոլորտում և տեղական ու միջազգային մակարդակով հայտնի է այդ ձեռքբերումների համար։ Այդ տեսակի վիզան նաև այն անձանց համար է, որոնք նշանակալի ծառայություններ են մատուցում՝ որպես աջակցություն վերը նշված անձին։

(P) Միջազգային մակարդակով ճանաչված մարզիկներ, դերասաններ և կատարողական արվեստի ներկայացուցիչներ․ P տեսակի վիզայի համար դիմումատուն պետք է ժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ որպես անհատ կամ որպես խումբ՝

  • մասնակցելու կոնկրետ մարզական մրցաշարի՝ որպես մարզիկ կամ որպես կատարողական արվեստի խմբի անդամ։ Դրա համար պահանջվում է միջազգայնորեն ճանաչված միջոցառումներին հարատև մասնակցության մակարդակ․
  • մասնակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգների որևէ կազմակերպության կամ մեկ այլ երկրում գործող կազմակերպության միջև փոխադարձ փոխանակման ծրագրի.
  • մասնակցելու, մշակելու, թարգմանելու, ներկայացնելու, մարզելու կամ ուսուցանելու եզակի կամ ավանդական էթնիկ, ժողովրդական, մշակութային, երաժշտական, թատերական կամ գեղարվեստական կատարում կամ ներկայացում։

Այդ տեսակի վիզան նաև այն անձանց համար է, որոնք նշանակալի ծառայություններ են մատուցում՝ որպես աջակցություն վերը նշված անձին։

(Q) Միջազգային մշակութային փոխանակման ծրագրով այցելու. Այս տեսակի վիզան գործնական վերապատրաստման դասընթացներ, աշխատանք ապահովելու կամ դիմումատուի հայրենի երկրի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու համար է։ Q տեսակի ոչ ներգաղթային վիզան Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից մշակված միջազգային մշակութային փոխանակման ծրագրերի համար է։

(R) Կրոնական ծառայող․ Կրոնական ծառայողի համար նախատեսված (R) տեսակի վիզան այն դիմումատուների համար է, որոնք ցանկանում են մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանակավոր հիմունքներով կրոնական ծառայություն իրականացնելու համար։

Կրոնական ծառայողները ճանաչված գործատու ընկերության կողմից կրոնական ծիսակատարություններ և այդ կրոնի հոգևորականության կողմից սովորաբար կատարվող այլ պարտականությունների իրականացման համար լիազորված անձինք են, ինչպես նաև կրոնական կրթության կամ աշխատանքներում ընդգրկված անձինք։

  • Դիմումատուն պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում շահույթ չհետապնդող բարեխիղճ կրոնական կազմակերպություն ունեցող կրոնական ուղղության անդամ։
  • Կրոնական կազմակերպությունը և դրա փոխկապակցված սուբյեկտը, եթե կիրառելի է, կամ ազատված են հարկ վճարելու պարտականությունից կամ հարկ վճարելու պարտականությունից ազատվելու կարգավիճակ ստանալու իրավունք ունեն։
  • Դիմումատուն պետք է տվյալ կրոնական ուղղության անդամ լինի կրոնական ծառայողի կարգավիճակի համար դիմելու ամսաթվին նախորդող երկու տարիների ընթացքում։ Դիմումատուն ծրագրում է ծառայել որպես այդ կրոնական ուղղության քահանա կամ ներգրավվելու կրոնական աշխատանքներում կամ մասնագիտական ոլորտում՝ շահույթ չհետապնդող բարեխիղճ ոչ առևտրային կրոնական կազմակերպությունում (կամ այդ կազմակերպության՝ հարկ վճարելու պարտականությունից ազատված կազմակերպությունում)։

(TD/TN) ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (NAFTA) ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի գոտու համաձայնագրով (NAFTA) ստեղծվում են հատուկ տնտեսական և առևտրային հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի և Մեքսիկայի համար։ Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի գոտու համաձայնագրի (NAFTA) երկրների ոչ ներգաղթային մասնագետների (TN) համար վիզան թույլ է տալիս Կանադայի և Մեքսիկայի քաղաքացիներին, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի գոտու համաձայնագրի (NAFTA) երկրների մասնագետներին ներգրավվելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախապես կազմակերպված ձեռնարկատիրական գործունեության մեջ ԱՄՆ-ի կամ օտարերկրյա գործատուի մոտ։ Կանադայի և Մեքսիկայի մշտական բնակիչները, բայց ոչ քաղաքացիները, իրավունք չունեն աշխատելու որպես Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի գոտու համաձայնագրի (NAFTA) երկրների մասնագետներ։ TN տեսակի վիզա ունեցողների խնամքի տակ գտնվողներին տրվում է TD տեսակի վիզա։

Կանադայի կամ Մեքսիկայի մասնագետները կարող են աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հետևյալ պայմաններով՝

  • Դիմումատուն Կանադայի կամ Մեքսիկայի քաղաքացի է
  • Տվյալ մասնագիտությունը Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի գոտու համաձայնագրի (NAFTA) ցանկում է
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներում տվյալ պաշտոնը զբաղեցնողը պետք է լինի Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի գոտու համաձայնագրի (NAFTA) երկրների մասնագետ
  • Մեքսիկացի կամ կանադացի դիմումատուն պետք է նախապես կազմակերպված լրիվ կամ կես դրույքի պաշտոնում։
  • Կանադացի կամ մեքսիկացի դիմումատուն տվյալ մասնագիտության որակավորումներ ունի։

Այլ ոչ ներգաղթային վիզայի կատեգորիաներ

(T) ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀ

T տեսակի վիզաներ ունեցողները եղել են անձանց թրաֆիքինգի շատ ծանր տեսակի զոհեր։ Մարդկանց թրաֆիքինգը, որը հայտնի է նաև որպես անձանց թրաֆիքինգ, ժամանակակից աշխարհում ստրկության ձև է, երբ թրաֆիքինգ իրականացնողները գրավում են մարդկանց աշխատանքի և ավելի լավ կյանքի կեղծ խոստումներով։ Թրաֆիքինգ իրականացնողները հաճախ օգտվում են մարդկանց չքավոր և գործազուրկ վիճակից, որոնց համար հասանելի չեն սոցիալական ծառայությունները։ T տեսակի Ոչ ներգաղթողի կարգավիճակը (T տեսակի վիզա) պաշտպանում է մարդկանց թրաֆիքինգի զոհերին և նրանց թույլատրում մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ մարդկանց թրաֆիքինգի հետաքննության կամ հետապնդում իրականացման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

Թրաֆիքինգի զոհերին շնորհվում է T տեսակի կարգավիճակ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս http://www.uscis.gov/portal/site/uscis։ ԱՄՆ դեսպանությունների ու հյուպատոսությունների դերը միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն T տեսակի կարգավիճակ ստացած անձանց ընտանիքի մյուս անդամների դիմումների ուսումնասիրումն է։

(U) ՔՐԵԱԿԱՆ ԱՐԱՐՔԻ ԶՈՀ

U տեսակի վիզան հասանելի է հստակ սահմանված քրեական արարքի օտարերկրյա զոհերի համար, որոնք աջակցություն են ցուցաբերում այդ քրեական արարքի հետաքննության ու հետապնդման հարցերում։ Անհատները անմիջականորեն ինքնամիջնորդագիր են ներկայացնում ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայություն (USCIS), իսկ U տեսակի ոչ ներգաղթային կարգավիճակը շնորհվում է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի հարցերով ծառայության (USCIS) կողմից՝ հաստատված միջնորդագրի միջոցով։ U տեսակի վիզայի համար հիմնական և երկրորդային միջնորդագրեր ներկայացնողները, որոնց տրվել է U տեսակի կարգավիճակ, կարող են դիմել U տեսակի վիզա ստանալու համար արտերկրում գտնող Հյուպատոսական բաժիններում։ U տեսակի վիզայի նպատակը որոշակի հանցագործությունների զոհերին Միացյալ Նահանգներում մինչև 4 տարի ժամկետով ժամանակավոր օրինական կարգավիճակ, ինչպես նաև աշխատանքի թույլտվության իրավունք շնորհելն է։